Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|
12:39 - 27 հունվարի, 2021

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած անձանց միանվագ սոցիալական աջակցություն հատկացնել 500 հազար դրամի չափով։ Խոսքը չի վերաբերում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն են ստանում։

«Սա վերաբերում է ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլեւ աշխարհազորին, կամավորներին։ Բոլոր անձինք, ովքեր ստացել են վիրավորում եւ որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց ե՛ւ զինվորական, ե՛ւ նաեւ քաղաքացիական բուժական հաստատություններում»,- ներկայացրեց Առաքելյանը։

Նախարարի խոսքով՝ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթեւ են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել, եւ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել. «Համաձայն մեզ փոխանցած տեղեկությունների՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»։

Առաքելյանը նշեց, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն եւ ստացել հաշմանդամության խումբ։ Գործընթացն ամեն օր շարունակվում է։

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե գործնականում շահառուները ե՞րբ կկարողանան ստանալ այդ գումարները, ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում. «Գործընթացը փորձում ենք բավականին պարզեցնել՝ էլեկտրոնային տարբերակով՝ մեր մնացած միջոցառումների պես։ Բացառապես իրենց անհրաժեշտ է լինելու իրենց անձնական տվյալները եւ բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալը»։

Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությամբ մարդը որեւէ տեղ դիմելու եւ գնալու անհրաժեշտություն չի ունենա։

Նախարարն էլ իր հերթին նշեց, որ անհրաժեշտություն չկա նաեւ փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա իրենց մոտ կան բոլոր տվյալները։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել