Արցախի առողջապահական համակարգը բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք ունի
19:14 - 26 հունվարի, 2021

Արցախի առողջապահական համակարգը բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք ունի

Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս մասին նշված է  Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների եռօրյա այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:

«Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները:

Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները: Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես Նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:

Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Հայտարարության բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին, որ Արցախի առողջապահական համակարգի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ՀՀ բժշկական ասոցիացիաների հետ համագործակցությունը, որը պետք է դիտարկվի որպես Նախարարության հետագա գործունեության ռազմավարական ուղղություն:

Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները պարտավորվում են մեկշաբաթյա ժամկետում Նախարարություն ներկայացնել կատարված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա կատարված վերլուծության և գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացություն՝ դրա հիման վրա Նախարարության կողմից համակարգի զարգացման կարճաժամկետ քաղաքականությունը մշակելու համար»,-մասնավորապես նշված է համատեղ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել