2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։ 

Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։

Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։ 

Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։ 

Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի

Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։

Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։ 

Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։

Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։

Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։

Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։

Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։ 

Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։

Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։

Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։

Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։

Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ 

Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։

Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։

Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։

Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ

Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։ 

Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։

Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել

Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։

 

Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։

Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։ 

Նարեկ Մարտիրոսյան