2021թ. հունվարի 22-ին Արցախի կառավարության շենքում կայացավ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բացման խոսքում նախարար Միքայել Հայրիյանը նշել է, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբը ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն, հետևաբար ներկաներին խնդրել է հանդիպումը օգտագործել որպես առողջապահական համակարգում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները որոշելու օգտակար հարթակ:

Նախարարը շեշտեց նաև, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն:

Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն իր հերթին նշել է. «Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»:

Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են Արցախի ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում: