Օրակարգում կա նման հարց, դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին |azatutyun.am|
20:36 - 24 հունվարի, 2021

Օրակարգում կա նման հարց, դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան:

Լիլիթ Մակունցը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն է:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Ըստ տեղեկությունների` Դուք արդեն ստացել եք ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում եք մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ինչը շատ մեծ պատասխանատվություն է: Կարո՞ղ եք հաստատել այս տեղեկությունը և կարո՞ղ եք մեկնաբանել այն:

Լիլիթ Մակունց - Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:

«Ազատություն» - Բայց «ագրիմանն», ասում են, արդեն կա:

Լիլիթ Մակունց - Ոչ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա:

«Ազատություն» - Տիկին Մակունց, իսկ Դուք դիվանագիտական փորձ ունե՞ք, եթե հարցն օրակարգում է, այսպիսի հարց տամ նաև, հավանաբար մարդիկ կսկսեն ասել` ահա ևս մեկ նշանակում, անփորձ պաշտոնյա պետք է ծառայի այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում: Խնդրեմ, մեկնաբանեք:

Լիլիթ Մակունց - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել