Միջպետական պայմանագիրը խախտվել է. ռուս սահմանապահները ՀՀ-ում 6 նոր հենակետ են տեղադրել |hetq.am|
10:40 - 24 հունվարի, 2021

Միջպետական պայմանագիրը խախտվել է. ռուս սահմանապահները ՀՀ-ում 6 նոր հենակետ են տեղադրել |hetq.am|

hetq.am: Այն, որ ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրին, «Հետքը» գրել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին: Օրերս ԱԱԾ-ից ստացված մեր հարցման պատասխանը հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն ուղղակի անտեսել է միջպետական այն փաստաթղթի դրույթները, որը Հայաստանի սահմաններին ռուսական ուժերի ներկայությունն ամրագրող միակ իրավական հիմքն է: 

Հայաստանում ռուս սահմանապահների տեղակայման նոր կետերի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 13-ին, երբ «ՏԱՍՍ» գործակալությունը ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խորհրդակցության որոշ մանրամասներ: ԱԴԾ տնօրենն իր երկրի ղեկավարին զեկուցել էր, որ ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին:

Ռուս սահմանապահների ներկայությունը մեր երկրում նորություն չէ: Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք են շարունակել իրականացնել Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների պահպանությունը, ինչպես որ խորհրդային տարիներին էր, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները նաեւ ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններն էին: 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագիրը:

Դրա 2-րդ հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում: Նկատենք, որ պայմանագիրը ստորագրելիս ռուս սահմանապահները ներկա են եղել ոչ միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին, այլեւ «Զվարթնոց» օդանավակայանում, որը եւս խորհրդային տարիներին դարպաս էր դեպի արտերկիր:

Մյուս կողմից՝ հայ-ռուսական միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս չեն կնքվել: Հենց այս հանգամանքով է պայմանավորված ռուս սահմանապահների ներկայությունը «Զվարթնոցում» նաեւ այսօր, ինչը երբեմն դժգոհության առիթ է դարձել մեր երկրում:

Բայց այս հրապարկման շրջանակներում առավել կարեւոր ենք համարում պայմանագրի 3-րդ հոդվածի ամրագրումը. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Ստացվում է, որ ռուս սահմանապահները տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին՝ խախտելով միջպետական պայմանագիրը: Բայց հասկանալի է, որ նրանց ներկայությունը նոր հենակետերում ոչ թե ինքնիրավչություն է, այլ համաձայնեցված է ՀՀ ներկա իշխանությունների հետ:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հարցրել էինք, թե ինչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից պատասխանել են, որ դա արվել է «2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը եւ սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:

Հրատապության մասին խոսելը տարօրինակ է: Չենք բացառում, որ Հայաստանի համար կա նաեւ անվտանգության խնդիր, սակայն ԱԱԾ-ն շեշտել է նոյեմբերյան հայտարարության «կենսագործումը»: Իսկ ինչու՞ է ՀՀ կառավարությունը պարտաճանաչ աշակերտի պես այդքան շտապում իրագործել հայտարարության այն կետը (տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին), որով մեզնից ավելի շատ հետաքրքրված են հայտարարությունը ստորագրած մյուս երկու կողմերը (հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը՝ սրան ապացույց):

Անկախ ամեն ինչից՝ ինչու՞ նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան 2 ամիս անց համապատասխան փոփոխություն չի արվել 1992 թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրում, ու չի ապահովվել առկա դրության իրավական հիմքը: Ամեն օր օրենքից ու օրինականությունից խոսող իշխանությունը պարտավոր է պատասխանել այս հարցին: Ներկա պայմաններում փաստ է, որ ՌԴ սահմանապահ զորքերը հայ-ռուսական միջպետական գործող օրենսդրության կոպիտ խախտումով են «բերվել» հայ-ադրբեջանական սահման:

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել