Ռուսաստանում շարունակվում են «Ազատություն Նավալնիին» խորագրով ցույցերը․ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը
20:57 - 23 հունվարի, 2021

Ռուսաստանում շարունակվում են «Ազատություն Նավալնիին» խորագրով ցույցերը․ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը

Ռուսաստանում շարունակվում են «Ազատություն Նավալնիին» խորագրով ցույցերը։ Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը։ Այս մասին Յուլիա Նավալնին հայտնել է իր Instagram-ի պաշտոնական էջով։

Հունվարի 23-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսվեցին ցույցեր՝ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով։ Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին՝ Բեռլինից Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո։

Առաջին ցույցերը սկսվել են Ռուսաստանի արևելյան քաղաքներում՝ Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Յակուտսկում։

Շաբաթ առավոտյան Նովոսիբիրսկում ձերբակալվեց քաղաքային խորհրդի պատգամավոր Սերգեյ Բոյկոն՝ տարածաշրջանում Նավալնիի շտաբի պետը։

Տեղական ժամանակով 13:00-ից ցույցեր սկսվեցին նաև Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։

Ըստ ռուսական ОВД-Инфо կայքի՝ Մոսկվայի ժամանակով 19:30-ի դրությամբ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1955-ի։

Ըստ բրիտանական Reuters պարբերականի հաշվարկների՝ Մոսկվայի կենտրոնում հավաքվածների թիվը հասել է 40.000-ի։ Մինչդեռ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է 4.000 ցուցարարների մասին։

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ի պաշտոնական էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադարձել է ձերբակալություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն սատարում է մարդկանց՝ խաղաղ ցույցերին մասնակցելու և ազատ արտահայտվելու իրավունքները, իսկ Ռուսաստանի իշխանությունների քայլերն ուղղված են այդ իրավունքների ճնշմանը։

Հավելենք, որ նախօրեին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասներին ապօրինի գործողություններում ներգրավելու դեպքի առթիվ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Նավալնիի կողմնակիցները սոցիալական կայքերում տեղադրում են հրապարակումներ՝ անչափահասներին կոչ անելով մասնակցել արգելված հավաքների Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում։

Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել