Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|
13:49 - 22 հունվարի, 2021

Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը:

Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ:

«Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել