azatutyun.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից ներկայացված հայցով դատավճիռը։ Այն վերաբերում է Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում ձեռնարկված քայլերին։

ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում վրաց ռազմագերիների խոշտանգումների, քաղաքացիական անձանց անվտանգության և ազատության իրավունքի ոտնահարման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների՝ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունների հետաքննությունից հրաժարվելու համար։

«Դատարանը հաստատել է, որ Ցխինվալիի տարածաշրջանը և Աբխազիան Վրաստանի անքակտելի մասերն են և օկուպացված են Ռուսաստանի կողմից»․ - ասել է Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորդկիպանիձեն։

Վրաստանի կողմից ներկայացված հայցի քննությունը շարունակվում էր ավելի քան 7 տարի։ Այս գործով առաջին նիստը ՄԻԵԴ-ում կայացել էր 2013 թվականի հոկտեմբերին։