Լրատվամիջոցը միտումնավոր կեղծել է Քոչարյանի և մյուսների գործով մեղադրողի վերաբերյալ փաստերը. դատախազություն
16:28 - 21 հունվարի, 2021

Լրատվամիջոցը միտումնավոր կեղծել է Քոչարյանի և մյուսների գործով մեղադրողի վերաբերյալ փաստերը. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Yerevan Today լրատվական կայքը, շարունակելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ կեղծիքի հիման վրա հակաքարոզչական գործելաոճը, նյութ է հրապարակել վերջինիս գույքի, այդ թվում՝ բնակարանների և նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման հայտ ներկայացնելու վերաբերյալ, որը տեղ է գտել այլ լրատվամիջոցներում ևս։

Պարզաբանում ենք, որ Գևորգ Բաղդասարյանը և վերջինիս կինը՝ Լիանա Ղազարյանը, դեռևս 2020 թ․ օգոստոս ամսին, նկատի ունենալով ընտանիքի անդամների քանակի համեմատ բնակտարածքի փոքր լինելու հանգամանքը, դիմումներ են ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ պետական ծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու համար և օրենքով սահմանված կարգով ճանաչվել որպես վիճակահանության առաջնահերթ մասնակից։ Դրանից հետո Լիանա Ղազարյանը չի շարունակել մասնակցությունը նշված ծրագրին, հանվել է վիճակահանության մասնակիցների ցուցակից և դրան չի մասնակցել։ Օրենքով սահմանված կարգով իրականացված վիճակահանությանը մասնակցել է Գևորգ Բաղդասարյանը և չի հաղթել։

Հրապարակումից առավել քան ակնհայտ է, որ դրա հեղինակը ոչ միայն միտումնավոր կեղծել է փաստերը, այլև մանիպուլյատիվ տերմինաբանությամբ փորձել խեղաթյուրել դրանք, ներկայացնելով, թե իբր ծրագրի շրջանակներում բնակարանը պետք է ոչ թե գնվի, այլ պետական ծառայողն այն պետք է ստանա։ Լրագրողական էթիկան պահանջում էր նաև չստել, թե իբր Գևորգ Բաղդասարյանը ներգրավվել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքի պաշտպանությանը, ինչի համար էլ դրանից հետո նշանակվել է Երևան քաղաքի դատախազ, քանի որ այդ նշանակումը տեղի է ունեցել նշված գործով որպես մեղադրող նրա ներգրավվելուց առաջ:

Նկատի ունենալով, որ կեղծված փաստերը ներկայացվել են հենց «հայրենասիրություն խաղալու» չափումների համատեքստում, հույս ենք հայտնում, որ Yerevan Today լրատվական կայքի գործընկերները նույն նախանձախնդրությամբ ուսումնասիրում և առաջիկայում ամենայն մանրամասնությամբ հրապարակայնացնելու են նաև ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, այնպես էլ նախկինում պետական ծառայողներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդիսացած՝ հրապարակման մեջ հիշատակված Ռ. Քոչարյանը և մյուսները գործով մեղադրյալների գույքերը, այդ թվում բնակարանների քանակը, դրանց զբաղեցրած տարածքները, յուրաքանչյուր բնակարանը ձեռք բերելիս դրա կարիքը, ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները: Եվ այդ համեմատության հիման վրա նաև հապարակման մեջ արված հարցադրման շրջանակներում նշելու են, թե վերջիններիցս քանի՞սն են իրենց գույքը տնից զրկված արցախցի որևէ ընտանիքի հատկացնելու նախաձեռնություն ցուցաբերել։

Ցավալի, սակայն, խիստ հատկանշական է նաև, որ խմբագրության հարգելի գործընկերները դեռևս չեն կարողանում ձերբազատվել քրեական գործով մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթը իշխանությանը պաշտպանելու հետ նույնացնելու նախկինից մնացած արատավոր մտածողությունից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել