ՔԿ փոխնախագահի պնդմամբ՝ Գեորգի Կուտոյանի գործը չի կարճվել |azatutyun.am|
13:46 - 21 հունվարի, 2021

ՔԿ փոխնախագահի պնդմամբ՝ Գեորգի Կուտոյանի գործը չի կարճվել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Միևնույն ժամանակ Մելիքյանը նշեց՝ հաստատապես հիմնավորվել է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

«Կուտոյանի գործը չի կարճվել, դուք ինչ-որ բան շփոթում եք։ Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք։ Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ-հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են։ Քրեկան գործը հարուցվել է ինքնասպանություն հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր, այլ հոդվածով հարուցելու որակման համար, չեն եղել։ Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք», - ասաց Մելիքյանն՝ ընդգծելով՝ Կուտոյանի իրավահաջորդները դեռ անցյալ տարի դիմում են ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել