Քաղաքական օրակարգերի առաջմղմամբ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. «Իմ քայլի» պատգամավոր |1lurer.am|
12:41 - 21 հունվարի, 2021

Քաղաքական օրակարգերի առաջմղմամբ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. «Իմ քայլի» պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ցավոք, մենք ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջմղում, ինչն էլ ձգձգում է գերեվարված անձանց վերադարձը. նրանց, ովքեր գերեվարվել են պատերազմական գործողությունների ընթացքում, և՛ նրանց, ովքեր հայտարարության ստորագրումից հետո են գերի վերցվել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Ինչ վերաբերում է գործընթացների շարունակականությանը, ասեմ, որ և՛ իրավական հարթակում, և՛ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ունենք մեխանիզմներ: Այս մասին չի բարձրաձայնվում, բայց շարունակական գործընթաց է իրականացվում: Ընդամենը նախօրեին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովից ստացել ենք պատասխան հարցին, որն ուղղել էինք: Հստակ շեշտադրվում է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքով պայմանավորված՝ Ադրբեջանը պետք է դրսևորեր համապատասխան քայլեր, և պատերազմական գործողությունների ավարտից հետո անգամ առանց քննարկման պետք է վերադարձներ գերեվարված անձանց, բայց տեսնում ենք, որ այստեղ գործընթացները ձգձգվում են, և միջազգային կառույցների հորդորները, և այն գործերը, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են գտնվում, ադրբեջանական կողմը, կարելի է ասել, արհամարհում է»,- ասաց պատգամավորը:

Բաղդասարյանի խոսքով՝ նույնն է նաև՝ կապված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Նա շեշտեց, որ որոշակի պայմանավորվածություն ունեն, և գործընթացներն իրականացվում են այդ ուղիով, որ միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտականությունները, որն ունի Ադրբեջանը, չի իրականացնում, ինչը հիմք է տալիս պնդելու, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը կարող է իրականացնել չնախատեսված այց այն վայրեր, որտեղ պահվում են գերեվարված անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել