Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար |1lurer.am|
12:00 - 21 հունվարի, 2021

Վիրավոր անձանց համար կիրականացվի միջազգային բարձր չափանիշներով ֆունկցիոնալ պրոթեզավորում. նախարար |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին հարցը:

Նախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից:

«Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարությանը, և բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից նրանց տրվում է հավաստագիր, և իրականացվում է պրոթեզավորում: Սակայն առկա կարգավորումները և այն չափանիշները, որոնք սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել:

Որոշում է կայացվել ներկայացնել կարգավորումը հետևյալ տարբերակով, որ, ի վերջո, կարգավորման նպատակն այն է, որ պատերազմի այն մասնակիցները, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին առավելագույն համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- նշեց նախարարը:

Նախագծով առաջարկվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում արտերկրից հրավիրված մարդկանցով: Կարևորվելու է նաև միջավայրային խնդիրների կարգավորումը, թե, օրինակ, պրոթեզավորման կարիք ունեցող մարդն ինչ մասնագիտություն ունի: Այսինքն՝ պրոթեզի կիրառման անհրաժեշտությունն անհատական կարիքների գնահատման միջոցով է իրականացվելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ որոշման հիմնական նպատակները երկուսն են՝ նախ պատերազմի պատճառով պրոթեզավորման կարիք ունեցող մեր հայրենակիցների պրոթեզավորման գործընթացի հնարավորինս արագ ու հարմարավետ կազմակերպումը, երկրորդ՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց նախագիծն այսօր չքվեարկել, այլ վաղն ընդունել գրավոր քվեարկությամբ: Կիրառման կարգերի հետ կապված նրբություններ կան, որոնք պետք է հստակեցվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել