Նման քննարկում չի եղել. փոխվարչապետը՝ «Կոմերսանտ»-ի հրապարակած երկաթուղային հաղորդակցության քարտեզի մասին |armenpress.am|
18:02 - 20 հունվարի, 2021

Նման քննարկում չի եղել. փոխվարչապետը՝ «Կոմերսանտ»-ի հրապարակած երկաթուղային հաղորդակցության քարտեզի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած՝ Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզի առնչությամբ քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ձևաչափով: Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է քարտեզ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին՝ համաձայն որոնց արդեն քննարկվել է ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցնի Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորազիզ-Բաքու-Դերբենտ ճանապարհով: Ըստ պարբերականի՝ դրան զուգահեռ երկու ճանապարհ էր նախատեսվում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք եղե՞լ է նման քննարկում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կոմերսանտ»-ի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ՝ առավել ևս գրավոր: Այո, այդ հարցի շուրջ մտքեր փոխանակվել են նաև ռուսական կողմի հետ»:

Գրիգորյանը վստահեցրեց, որ սակայն կոնկրետ ուղղություն կամ առավել ևս՝ կոնկրետ ենթակառուցվածք չի քննարկվել, այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի, քննարկումները նոր սկսելու են՝ այդ թվում թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով: «Պարզ է, որ կան ցանկություններ՝ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,-եզրափակեց փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել