Փոխվարչապետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է անվտանգային երաշխիք լինել |armenpress.am|
17:31 - 20 հունվարի, 2021

Փոխվարչապետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է անվտանգային երաշխիք լինել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի ճիշտ լուծումը կարող է ինքնին անվտանգային երաշխիք լինել: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ: Ըստ պատգամավորի՝ խնդիրն ունի քաղաքական, իրավական, տնտեսական կողմ: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հաղորդակցությունների վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: «Այս բոլոր խնդիրների առկայության պայմաններում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում»,-հարցրեց պատգամավորը:

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի: Սակայն, այնուամենայնիվ, որպեսզի մենք այդ ճանապարհով գնանք, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, այդ իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որպեսզի ի վերջո հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և լուծել տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը: Ես անձամբ կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այդ խնդիրը չլուծելը մեզ ավելի անվտանգային իրավիճակում է դնում, քան այդ խնդրի լուծումը: Այդ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգային երաշխիք կարող է լինել»:

Իսկ թե ինչի վրա և ինչպես կանդրադառնա դա, փոխվարչապետը կարծում է, որ դա կարգավորումների խնդիր է: Նա համաձայնեց, որ այդ հարցում կա և իրավական, և տնտեսական վերլուծություններ, և ռիսկերի գնահատման խնդիր: Ըստ նրա, սակայն այդ խնդիրները պետք է քննարկել: «Եթե կա տպավորություն, թե այսօր այդ բոլոր խնդիրները լուծված են, և պատրաստի լուծումներ կան, որոնք պետք է հենց այսօր պայմանավորվեն և կնքվեն, դա այդպես չէ»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ այս պահին դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսվել: Ամսվա վերջին լինելու է առաջին հանդիպումը ռուսական և ադրբեջանական կողմերի հետ միասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել