Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, ինչը վկայում է, որ հակամարտությունը մտել է նոր փուլ. Արա Այվազյան |tert.am|
17:19 - 20 հունվարի, 2021

Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, ինչը վկայում է, որ հակամարտությունը մտել է նոր փուլ. Արա Այվազյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, ինչը վկայում է այն մասին, որ հակամարտությունը մտել է նոր փուլ. այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ վերջերս ադրբեջանական կողմը մի քանի անգամ պնդել է, թե ԼՂ հակամարտությունը փաստացի լուծվել է, նաև Ալիևը Շուշիում հանդես է եկել իր հերթական, բավականին ընդգծված հայատյաց ելույթով և խոսել այն մասին, որ Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են երկաթյա բռունցքին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս պահին ԱԳՆ-ն:

Արա Այվազյանը նախ նշեց, որ ԱԳՆ-ն մի քանի հայտարարություններով է հանդես եկել այդ խնդրի վերաբերյալ: Նա օրինակ բերեց նախարարի խոսնակի անդրադարձը Շուշիում Ալիևի կողմից հնչեցված սադրիչ և վիրավորող արտահայտությունները և ասաց, որ իրենք դա դատապարտում են և գտնում են, որ այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը:

«Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են: Մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, հավանաբար, որ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարեց Արա Այվազյանը:

Նա նշեց, որ այդ իմաստով շատ կարևոր էր իր՝ վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ քննարկել են ընդհանուր օրակարգ ձևավորելու և աշխատանքները համակարգելու և համատեղելու անհրաժեշտությունը:

Խոսելով Արցախի վերաբերյալ հայկական կողմի առաջնահերթություններից՝ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

«Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իրենց բնակավայրերը, երրորդը՝ միջազգային հանրության, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն է Արցախին և չորրորդը վերաբերում է մեր մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ վերջերս հնչեցրած հայտարարություններին, ապա Այվազյանը նշեց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է և անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն, վստահ եմ՝ այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել