tert.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրան անհապաղ ազատ արձակելու կոչ է արել, ասված է գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն:

«Ֆրանսիան մեծ մտահոգությամբ տեղեկացել է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության մասին։ Մենք, եվրոպացի գործընկերների հետ միասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել», - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նավալնիին անհապաղ ազատ արձակելու կոչով է հանդես եկել նաև Ջեյք Սալիվանը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է անվտանգության հարցերով խորհրդական նշանակել, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հայտարարել է Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը: