Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան
10:10 - 17 հունվարի, 2021

Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան: Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են: Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները և ոչ միայն:
 
Նախարարին մանրամասն ներկայացվել է գործարանում ներկայումս ընթացող արտադրական պրոցեսներն ու առկա հնարավորությունները: Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրել է, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել:
 
Նշվել է նաև, որ Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:
 
Հակոբ Արշակյանը կարևորել է հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական պրոցեսն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում:
Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասել է, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:
 
Ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել