ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարարի նկատմամբ |azatutyun.am|
14:47 - 16 հունվարի, 2021

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարարի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի նկատմամբ՝ 2011 թվականին «Սիրիայի խաղաղ բնակչության դեմ դաժան բռնաճնշումների համար»։

Դիվանագետի մուտքը Եվրամիություն արգելված է, եվրոպական տարածքում նրա բոլոր ակտիվները՝ սառեցված։

Այդպիսով, Սիրիայից Եվրամիության սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց թիվը հասավ 289-ի, բացի այդ՝ դրանում ներառված են 70 իրավաբանական անձինք։

Ֆեյսալ Միկդադը սիրիական դիվանագիտական գերատեսչությունը գլխավորում է նախկին նախարարի՝ Վալիդ Մուալլեմի մահից հետո։

2020 թվականի սեպտեմբերին Սիրիայի հարցով միջազգային անկախ քննչական հանձնաժողովը հրապարակել է 25 էջանոց զեկույց, որում հակամարտության բոլոր կողմերին՝ թե՛ Ասադի կառավարությանը, թե՛ ընդդիմադիր ուժերին, մեղադրում է մարդու իրավունքների լրջագույն խախտումների և հանցագործությունների մեջ։

2011 թվականի մարտից Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 387 հազար մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել