Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով

 |armenpress.am|
18:41 - 15 հունվարի, 2021

Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը ներկայացրեց հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշը. «2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչ 2020 թվականի բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: 2020 թվականի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությամբ՝ տարեկան եկամուտների ցուցանիշը նախատեսվել էր 1 տրլն 326 մլրդ դրամ»:

Նախորդ տարում զուտ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 88.6 մլրդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296.6 մլրդ դրամ: Ընդ որում, 2019 թվականի հետ համեմատած, զուտ հարկային եկամուտների մասով գրեթե չկա բացասական տարբերություն, այն շատ չնչին է՝ ընդամենը 0.2 տոկոսի չափով: Իսկ մաքսային վճարումների մասով բացասական տարբերության գերակշիռ մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարներից հավաքագրված եկամուտներին: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2019-ին այդ գործընթացն անհամեմատ ակտիվ է եղել:

2020-ի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է 139 մլրդ դրամ: Եվ այս ցուցանիշի մեջ ՊԵԿ նախագահը հատկանշական համարեց հիփոթեքային վարկի սպասարկման գծով տոկոսների կոմպենսացման ուղղությամբ եկամտային հարկից վերադարձվող գումարների ծավալները: 2019-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7.9 մլրդ դրամ: Իսկ 2020-ին պետությունը համապատասխան շահառուներին է վերադարձել արդեն 13.350 մլրդ դրամ:

Անդրադառնալով աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ սեպտեմբերին եղել է ՀՀ-ի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը, աշխատատեղերի թիվը հասել է մոտ 635 հազարի: 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում այն մի փոքր նվազել է, մասնավորապես նոյեմբերին կազմել է 615 հազար, իսկ դեկտեմբերի տվյալները դեռ ներկայացված չեն:

Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել