45 տոկոսով աճել է ՌԴ-ից Հայաստան ուղղությամբ տուրիստական ուղեգրերի պահանջարկը. Ռուսաստանի տուրօպերատորներ |armtimes.com|
14:57 - 05 հուլիսի, 2019

45 տոկոսով աճել է ՌԴ-ից Հայաստան ուղղությամբ տուրիստական ուղեգրերի պահանջարկը. Ռուսաստանի տուրօպերատորներ |armtimes.com|

armtimes.com: Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցության, Վրաստանի հետ առաջացած խնդիրների պատճառով վերջին երկու շաբաթների ընթացքում 45 տոկոսով աճել է Հայաստանի ուղղությամբ պահանջարկը:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զբոսաշրջային ընկերություններում 10-45 տոկոսով աճել է դեպի Հայաստան ուղեգրերի վաճառքը՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ», - Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունից ասել են Интерфакс-Туризм պորտալին՝ նշելով, որ աճը կապ ունի վրացական ուղղությունը փակվելու հետ:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ ռուսական ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից չվերթներ իրականացնել դեպի Վրաստան։ Նույն հրամանագրով՝ ռուսական զբոսաշրաջային ընկերություններին առաջարկվել է Վրաստանի ուղեգրեր չվաճառել, հիշեցնում է Ազատությունը:

Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունում նաև նշել են, որ Հայաստանի և Վրաստանի պայմանները, հյուրանոցների գները, էքսկուրսիոն ծրագրերի արժեքներն ընդհանուր առմամբ համադրելի են, շատ չեն տարբերվում։ Հայաստանի դեպքում նույնիսկ հնարավոր է այնտեղ մեկնել ռուսական ներքին անձնագրով, ինչն ավելի հարմար է զբոսաշրջիկների համար։

«Այլ հարց է, որ Հայաստանը ծով չունի: Սևանա լիճը բարձր լեռնային է, ջուրը սառն է, սեզոնն ընդամենը 2-2,5 ամիս է, հյուրանոցային բազան էլ աղքատիկ է», - նշել են ընկերակցությունում՝ հավելելով, որ հեռանկարում Հայաստանը կարող է 10-20 տոկոսից ոչ ավելի զբոսաշրջիկներ գրավել Վրաստանի փոխարեն:

Զբոսաշրջիկների մի մասը, որոնք պետք է Վրաստան մեկնեին հուլիսի 8-ից հետո, վերաամրագրել են ուղեգրերը դեպի Թուրքիա, Թունիս, Բուլղարիա, Դոմինիկյան Հանրապետութուն ու Չեռնոգորիա, մի մասն էլ դեպի Հայաստան, բայց մեծամասնությունը չեղարկել է ուղևորությունը:

Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունը նաև նշել է, որ Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը դադարեցնելու ֆոնին Հայաստանի հյուրանոցներն առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերել:

«Հետաքրքիր է, որ հայաստանյան գործընկերների կողմից առանձնապես որևէ ակտիվություն, հատուկ առաջարկներ, մարքեթինգային առաջարկներ գործնականում չկա», - Интерфакс-Туризм պորտալին ասել են ռուսական զբոսաշրջային ընկերությունները միավորող ընկերակցությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել