Զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
15:32 - 15 հունվարի, 2021

Զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջև հավաքված՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ, լսել ընդհանուր գծերով հնչեցվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը: Անմիջական հաղորդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ պատերազմին և դրա աղետալի հետևանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

«Առավել առարկայական քննարկում ունենալու, քաղաքացիների հուզող հարցերը, պահանջներն ու առաջարկությունները հստակ արձանագրելու նպատակով ՀՀ զինվորական դատախազը հավաքված քաղաքացիներին առաջարկել է ընդունելության կազմակերպում ՀՀ զինվորական դատախազությունում, որը կայացել է հաջորդ օրը՝ հունվարի 14-ին:            

Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների շուրջ մեկ տասնյակ ծնողներին և հարազատներին ընդունել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը, Երևանի կայազորի զինվորական դատախազը, այլ դատախազներ:

Քաղաքացիները ներկայացրել են պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների տարբեր ուղղություններում ԱՀ ՊԲ առանձին ստորաբաժանումների, հրամանատարական կազմի գործողությունների, պատերազմի ընթացքում զորքերի կառավարման, սպառազինության և զինամթերքի մատակարարման՝ իրենց գնահատմամբ պարզման ենթակա կոնկրետ իրավիճակներ և հանգամանքներ, կիսվել իրենց մտահոգություններով՝ կապված զոհված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացի տևականության, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների բարդությունների վերաբերյալ:    

ՀՀ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ բարձրացված հարցերի մեծամասնությունը արդեն իսկ գտնվում է քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազների ուշադրության կենտրոնում, իսկ լրացուցիչ տվյալները, որոնք ներկայացվել են՝ պետք է դառնան դետալային քննության առարկա:

Միաժամանակ ծնողներին տեղեկացվել է, որ բարձրացված բոլոր հարցերով քննության առարկան ենթադրում է լայնածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարում, ինչի համատեքստում ստացված ու իրենց վերաբերելի տվյալները անպայման հասանելի են դառնալու: Միաժամանակ, Տիգրան Ամբարյանը հորդորել է համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի աբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել