ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման նպատակով
13:27 - 15 հունվարի, 2021

ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման նպատակով

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը կօգտագործվի օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝ մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:

Գասպարյանի խոսքով՝ Պետեկամուտների կոմիտեում զենքի համատարած կրում չի լինելու: Նա հստակեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ կհաստատվի այն աշխատակիցների ցանկը և զինատեսակները, որոնք իրավունք են ունենալու կրելու: Նա նշեց, որ զենքի կրումից առաջ համապատասխան անձնիք անցնելու են դասընթացներ ոստիկանության ակադեմիայում, ունենալու են զենք կրելու իրավունք և միայն դրանից հետո է նրանց զենք հատկացվելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել