Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Մարիա Զախարովա |1lurer.am|
13:07 - 15 հունվարի, 2021

Ռուս-հայ-ադրբեջանական միջպետական հանձնաժողովը պետք է հանդիպի մինչև հունվարի վերջը. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հարցին:

«Հունվարի 11-ին տեղի ունեցած մոսկովյան բանակցությունների արդյունքում ընդունվեց հայտարարություն, որը վերաբերում է տրանսպորտային միջանցքի ստեղծմանը: Արդյոք համաձայնեցվե՞լ են այդ միջանցքի ստեղծման պայմանները, օրինակ՝ ո՞ւմ է պատկանելու տարածքը, որով անցնելու են երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը, որքանո՞վ է Ադրբեջանը երաշխավորում այդ ուղիների անձեռնմխելիությունը, և արդյոք կպարտավորվի՞ չփակել դրանք» հարցերին ի պատասխան՝ Զախարովան ասաց. «Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշեմ, որ հունվարի 11-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին տնտեսական կապերի հաստատմանը, հաղորդակցության ապաշրջափակմանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այդ հարցով ընդունվեց առանձին հայտարարություն:

Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում որոշում կայացվեց ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ: Այն պետք է աշխատանքը սկսի մինչև այս ամսվա վերջը: Մինչև մարտի մեկը պետք է ներկայացնի այն միջոցառումների ցուցակը և ժամանակացույցը, որով պետք է իրականացվեն միջազգային փոխադրումների համար նախատեսվող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը:

Նախատեսվում է աշխատանքի կարևորագույն ուղղություններով ստեղծել մասնագիտացված ենթախմբեր, որոնք էլ կզբաղվեն բոլոր հարցերով, այդ թվում՝ Ձեր հնչեցրած խնդիրներով: Կասկած չկա, որ նշված նախագծերի իրականացումը կծառայի Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի շահերին: Հաշվի կառնվեն բոլոր երկրների շահերը: Մասնավորապես՝ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, միաժամանակ, տրանսպորտային կոմունիկացիաները Ադրբեջանին կկապեն Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել