Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ամերիկյան The National Interest ամսագրում հրապարակած իր հոդվածում Արցախյան վերջին պատերազմի համատեքստում անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին և ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ եվրոպական առաջնորդների անտարբերությանը։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

 

«Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց և գրավեց հայկական անկլավ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), շատերը շտապեցին արձանագրել, որ համաշխարհային առաջնորդները, մասնավորապես՝ Եվրոպան, ձախողեցին այդ ագրեսիայի դատապարտումը:

Չնայած ենթադրվում է, որ COVID-19 համավարակն ու ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նպաստեցին, որ Ադրբեջանի ագրեսիայից ուշադրությունը շեղվի, միայն միտումնավոր անտեսումը չի կարող բացատրել այն, թե որքանով գլոբալ առաջնորդները հրաժարվեցին իրենց՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու պատասխանատվությունից:

Իրականում, համաշխարհային լռությունը բխում էր բոլորովին այլ, շատ ծանոթ մի մտահոգությունից՝ էներգետիկ անվտանգությունից: Հաշվի առնելով, որ Եվրոպան փորձում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի մատակարարումը՝ Ռուսաստանից կախումը նվազեցնելու համար, շատերը ռեսուրսներով հարուստ Ադրբեջանում տեսան եվրոպական էներգետիկ անվտանգությունն ապահովելու նոր հույս:

Այդ հույսը կարծես արդարացավ, երբ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսեց «Հարավային գազային միջանցքով» Թուրքիայում գտնվող Շահ-Դենիզ հանքավայրից բնական գազ մատակարարել դեպի Ադրիատիկ:

Բայց այս նոր գազատարով սկսվում է Եվրոպայի կախվածության նոր ճգնաժամի արշալույսը՝ Եվրոպային մի ծավալապաշտական ավտորիտար ռեժիմի փոխարեն թողնելով երկու այլ ռեժիմների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հույսին։

Չնայած ժամանակին Թուրքիան և Ադրբեջանը համարվում էին Եվրոպայի և Արևմուտքի ամուր բարեկամները, վերջին տասնամյակի ընթացքում պարզ դարձավ, որ նրանք Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում ո՛չ հուսալի, ո՛չ էլ բարեխիղճ գործընկերներ են։

Թուրքիան ապացուցել է, որ ցանկանում է օգտագործել Եվրոպայում արդեն ունեցած լծակները՝ հարմար քաղաքական զիջումներ ստանալու նպատակով: Թուրքիան ցինիկաբար օգտագործել է փախստականների կյանքը՝ որպես գործարքային խաղաքարտ, որ Եվրոպայից ինչ-որ բաներ շորթի, ինչպես նաև օգտագործել է ՆԱՏՕ-ում իր կարգավիճակը՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում միջամտությունների և Միջերկրական ծովում սպառնալիքների պատասխանատվությունից խուսափելու համար:

Թուրքիան միաժամանակ խորացնում է կապերը Ռուսաստանի հետ: Հակառակ այն սպասումներին, որ այս մեծ մրցակցության մեջ Թուրքիան հանդես կգա որպես Արևմուտքի պատնեշ՝ ընդդեմ Ռուսաստանի, և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանն ապացուցել են, որ կարող են համագործակցել այնտեղ, որտեղ այդ համագործակցությունը փոխշահավետ է՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ազդեցությունը խաթարելու համար: Սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի և Լիբիայի հարցում Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, այլև էներգետիկ ոլորտին, ինչի վառ օրինակ է «Թուրքական հոսք» գազատարը:

Փաստացի, «Թուրքական հոսք»  գազատարը սկսեց ռուսական բնական գազը Թուրքիայի տարածքով մղել Բալկաններ Ադրբեջանի «Հարավային գազային միջանցքի» բացումից մեկ օր շուտ:

Սա պատահականություն չէ: Թուրքիան երկար ժամանակ եղել է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրոպայի դաշնակիցը՝ փոխադարձ անհրաժեշտությունից ելնելով: Արեւմտյան ճամբարը Թուրքիայի մեջ տեսավ Ռուսաստանին զսպելու միջոց: Արևմուտքը և ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար տարածաշրջանային հեգեմոնիան վերականգնելու միջոց էին:

Այն, ինչ սկսվեց 1974 թվականին Կիպրոս ապօրինի ներխուժմամբ և օկուպացիայով, խստացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք։ Էրդողանն օգտագործեց ցանկացած պատրվակ, որ քծնի եվրոպական երկրներին Թուրքիայի տիրապետության ընդլայնման ձգտման դիմաց:

Եվ էներգիան դարձել է այն բազմաթիվ միջոցներից մեկը, որոնց շնորհիվ Թուրքիան ձգտում էր հասնել դրան․ Ռուսաստանի հետ համագործակցելով՝ խթանել Եվրոպայի կախվածությունը՝ ողջ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու նպատակով:

Իսկ Արցախ ներխուժելու և օկուպացնելու ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ աջակցությունը այս ռազմավարության հաջող ապացույցն էր: Սա չպետք է անակնկալի բերեր Եվրոպային: Ադրբեջանը և Թուրքիան վաղուց միմյանց տեսնում են որպես եղբայրական երկրներ, որոնք ունեն ընդհանուր ծավալապաշտական, պանթուրքիստական ​​նկրտումներ:

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը եղել է ԵԱՀԿ-ի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի իրականացման գլխավոր խափանողը` պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը և միաժամանակ իր երկրի ներսում ստեղծելով հակահայկական տրամադրություններ՝ սեփական ժողովրդին պատերազմի նախապատրաստելու համար։

Թուրքիան երկար ժամանակ ուղի էր փնտրում Ադրբեջանի պատերազմում ներգրավվելու համար, որ  տարածաշրջանում ամրապնդեր իր դիրքերը: Այս հնարավորությունն առաջացավ Անկարայի՝ տարածաշրջանում դրսևորած մշտական արկածախնդրության լիակատար անպատժելիության հետևանքով: Այս ամենը շարունակվելու էր՝ ԻԼԻՊ-ի անվան հետ կապվող սիրիացի վարձկաններ տեղափոխելով (տարածաշրջան- խմբ․), իր F-16-երը տեղակայելով (Ադրբեջանում- խմբ․), և ի վերջո, Մոսկվայի համաձայնությամբ, Ադրբեջանում կիսամշտական ռազմական ներկայություն ապահովելով: Տասնամյակների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիայի զսպման ձախողումը անհերքելիորեն խրախուսեց ինչպես Բաքվին, այնպես էլ Անկարային:

Թուրքիան և Ադրբեջանը միակ մեծ հաղթողները չէին: Ռուսաստանը, տարածաշրջան ուղարկելով հազարավոր խաղաղապահների, նույնպես կիսամշտական ռազմական ներկայություն հաստատեց Ադրբեջանում և դրանով փորձում է հակազդել Եվրոպայի՝ էներգետիկ դիվերսիֆիկացիայի որոնման գործընթացին: Ռուսական ներկայությունն Արցախում այժմ ՌԴ-ին Ադրբեջանի նկատմամբ զգալի լծակներով է ապահովում՝ ընդունելի փոխզիջում Բաքվի համար՝ Եվրոպայի էներգետիկ առևտրի շուկան Մոսկվայի հետ կիսելու դիմաց։

Չնայած նրան, որ Ադրբեջանը մի ժամանակ ընկալվում էր որպես արտաքին քաղաքականություն վարելու ունակ, տարածաշրջանի երեք խոշոր տերություններից հիմնականում անկախ պետություն, Ռուսաստանի և Թուրքիայի սպասվող ներկայությունը վերջ տվեց այդ կարծիքին:

Վերջին պատերազմից հետո Եվրոպան անորոշ վիճակում է հայտնվել: Թուրքական ագրեսիայի նկատմամբ Եվրոպայի երկարատև լռությունը, փաստորեն, ընդգծեց եվրոպական կախվածության ճգնաժամը՝ իր տարածաշրջանային մրցակիցներին թույլ տալով միավորել ուժերը էներգետիկ առևտրի ոլորտում և միմյանց հետ աշխատել Հարավային Կովկասից եվրոպական ազդեցությունը դուրս մղելու համար՝ հրադադարի համաձայնագրի պայմանների մասով մենաշնորհ ձեռք բերելով:

Այս ընթացքում եվրոպական ղեկավարները հրաժարվել են նաև ժողովրդավարության սկզբունքներից և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կառույցներից, ինչպիսիք են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն: Սա շատ առումներով զարմանալի չէ՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայում ժողովրդավարական հետընթացը, ինչից էլ օգտվեց Թուրքիան:

Նույն կերպ, Եվրոպայի անգործությունը նախադեպ է ստեղծել, որի շնորհիվ Թուրքիան շարունակաբար ագրեսիայի կդիմի՝ իր աշխարհաքաղաքական շահերն ապահովելու համար` միևնույն ժամանակ օրինականացնելով ցեղասպան հռետորաբանությունը, որը ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանն օգտագործել են պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո:

Ձևավորվող Մոսկվա-Անկարա առանցքին մարտահրավեր նետելու համար Եվրոպան պետք է պատրաստ լինի տարածաշրջանում պահպանել կանոնների վրա հիմնված կարգը՝ վեր դասելով ժողովրդավարական արժեքները և բազմակողմանիությունը: Դրան հասնելու միջոցներից մեկը կլինի Արցախի կարգավիճակի որոշման գործընթացը, ինչը կդիտվի որպես Արցախի ինքնորոշման իրավունքի պահպանում։

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան մեծ դեր խաղացին Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կոսովոյում ԵՄ առաքելության (EULEX) աջակցությամբ, և ի վերջո, կարգավիճակի ճանաչմամբ՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրավական նախադեպ ստեղծելու միջոցով:

Սա ոչ միայն հնարավորություն կտա եվրոպական տերություններին հետ մղել Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը, այլև կարևոր քայլ կլինի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ, որը խարխլել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ավտոկրատ ուժերը:

Ադրբեջանի ագրեսիան անպատասխան թողնելը և, միևնույն ժամանակ, Ռուսաստանին ու Թուրքիային առանց հետևանքների տարածաշրջանի էներգիայի մատակարարման մենաշնորհը ձեռք բերելու հնարավորություն տալը վտանգի տակ են դնում ավելին, քան միայն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն է. դա նշանակում է արևմտյան ժողովրդավարության կապիտուլյացիան տարածաշրջանային ավտորիտարիզմի նկատմամբ: Եվրոպան և Միացյալ Նահանգները այլևս չեն կարող իրենց թույլ տալ կողքից դիտողի դերում լինել»:

 

Թարգմանությունը՝ Լյուսի Մանվելյանի