armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ: