1lurer.am: Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը ճանաչվեց անհետաձգելի:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը:

Դատական իշխանության վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ:

«Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նաև հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»,- նշեց Բադասյանը:

Նախարարը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ. 2019-ի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը դատարաններում քննվել են 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացրել է հսկողություն: «Վիճակագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի»,- ասաց նախարարը:

Բադասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթն անհետաձգելի է, քանի որ դատավորների թվաքանակը չի բավարարում, իսկ դատավորների ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը: Իսկ երկրորդը՝ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստեն նրան, որ դատական ակտերն ավելի օբյեկտիվ լինեն, և հասարակության վստահությունն ավելի բարձր լինի: