ԱԱԾ-ի հիմնական գործառույթը, առաջնային ուղղությունը գործակալական ապարատի դեմ պայքարն է․ Արգիշտի Քյարամյան
10:36 - 14 հունվարի, 2021

ԱԱԾ-ի հիմնական գործառույթը, առաջնային ուղղությունը գործակալական ապարատի դեմ պայքարն է․ Արգիշտի Քյարամյան

Ես Շուշիից դուրս եմ եկել շուրջ մի տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, որոնց թվում եղել է Սեյրան Օհանյանը։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասած ԱԱԾ նախկին տնօրեն, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Շուշիից ինկասացիայի մեքենաներով ոսկիներ ու փողեր է դուրս բերել պատերազմի ընթացքում։

«Ոչ թե ինկասացիայի մեքենայով եմ դուրս եկել, այլ ՄՈԲ-ով այնտեղ գտնվող և մի գնդապետի սպասարկող ոսկեգույն NIssan-ով։ Իսկ փողերի և ոսկիների փոխարեն մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ և զինամթերք, ընդ որում՝ զինամթերքի ողջ պաշարը, այդ թվում՝ բացած ցինկերի կիսատ փամփուշտները»,- ասաց նա։

Արգիշտի Քյարամյանը անդրադարձավ նաև այն պնդումներին, թե ինքը, լինելով ԱԱԾ տնօրենի պաշտոնում, վարել է հակառուսական քաղաքականություն և զբաղված է եղել ռուսական գործակալներ բռնելով։

Քյարամյանը նշեց, որ վերջերս լուրջ տենդենց կա անձանց հակառուսական տրամաբանությունների մեջ ներկայացնելու և դրանից քաղաքական դիվիդենտներ շահելու կամ ՌԴ գնալով՝ սեփական անձի կարևորությունը բարձրացնելու, խորհրդավորություն հաղորդելու։ Նրա խոսքով՝ իր համար դա անհասկանալի տենդենց է։

«ԱԱԾ տնօրեն նշանակվելու երկրորդ օրը ինձ մոտ եմ հրավիրել համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և հանձնարարել եմ, որ ամեն ինչ արվի, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ հատկապես հատուկ ծառայությունների ոլորտում, հնարավորինս բարելավվեն, եթե լավ են, ավելի լավը դառնան։ Այդ ուղղությամբ ինչպես հանձնարարականներ են տրվել, այնպես էլ բազմաթիվ գրավոր փաստաթղթեր են կազմվել, որոնք առկա են ԱԱԾ-ում։ Այս ամենը ես արել եմ մի տրամաբանության մեջ՝ հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելուց է կախված մեր ազգային անվտանգության և մեր շահը։ Բարձր եմ գնահատում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, և դա ցայտուն ընդգծվեց վերջին պատերազմի ընթացքում և ինչու չէ նաև հետպատերազմյան ընթացքում»,- նշեց Քյարամյանը։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական գործակալներ փնտրելու իրեն ուղղված մեղադրանքներին՝ նա ասաց, որ երեք անգամ Հայաստան աշխարհում նախագահի պաշտոն զբաղեցրած մարդը (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին - խմբ․) առնվազն պետք է պատկերացնի, որ բարեկամ երկրները միմյանց մոտ գործակալներ չեն ունենում, և ռուսական գործակալ արտահայտությունը քաղաքական առումով, իր կարծիքով, կոռեկտ չէ։

«Եթե կա ԱԱԾ, իր հիմնական գործառույթը, առաջնային ուղղությունը գործակալական ապարատի դեմ պայքարն է։ Ես կարծում եմ՝ ազգային անվտանգությունը ցանկացած տիպի գործակալի դեմ պետք է պայքարի՝ անկախ նրա ազգությունից։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստան աշխարհում հայ անձին որակավորեն՝ հայամետության չափորոշիչը հաշվի առնելով»,- ասաց Արգիշտի Քյարամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել