Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց Թրամփին |azatutyun.am|
09:10 - 14 հունվարի, 2021

Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am: Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը Միացյալ Նահանգների պատմության մեջ, ում Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց։

Երեկ ուշ երեկոյան, ժամեր տևած քննարկումներից հետո ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենթ հայտնեց երկրի 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով Միացյալ Նահանգների դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի ղեկավարի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։

Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին մնացել է ընդամենը վեց օր։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները, ինչպես նաև Թրամփի որոշ կուսակիցներ պահանջում են նրան Սպիտակ տնից հեռացնել հենց հիմա։

Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։

Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «բոլորը» կարծում են, որ իր ելույթը, որով նա հրահրել է իր կողմնակիցներին, «միանգամայն տեղին էր»։

«Ինչ վերաբերում է այդ կեղծ իմփիչմենթին, ապա դա մեր երկրի պատմության ընթացքում արձանագրված ամենածավալուն և անողոք վհուկների որսի շարունակությունն է», - հայտարարում էր Թրամփը։

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի ճակատագիրը այժմ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում է որոշվելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել