ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով հունվարի 10-12-ը Հայաստանի Հանրապետությունում էր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Քննարկվել են Արցախում ստեղծված հետպատերազմյան տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, տնտեսական և սոցիալական, հարկային և այլ բնույթի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հանդիպումների արդյունքում ԱՀ և ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական և ծագած խնդիրների՝ համատեղ ուժերով լուծելու պատրաստակամություն:

Այնուհետև ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատուների հետ: Քննարկվել են ԱՀ քաղաքացիների վարկային բեռի թեթևացմանն ուղղված հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ շարունակելու բանկերի հետ քննարկումները վարկային պարտավորությունների ժամկետների հետաձգման և դրանք հնարավորինս վերակառուցելու ուղղությամբ:

Հանդիպումներն անցել են կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում: