1lurer.am: Մոսկովյան եռակողմ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Նա ընդգծեց, որ 4 ժամ տևած բանակցությունների 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձի խնդրին, և վարչապետը երկու անգամ ասուլիսում շեշտեց այդ խնդրի կարևորությունը:

«Դա առաջնային հարց է, բոլոր ջանքերը բոլոր հարթակներում պետք է գործադրվեն հումանիտար հարցերը լուծելու համար»,- ասաց Մակունցը: 

Նրա խոսքով՝ հունվարի 11-ի հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որի հետ կապված՝ վարչապետը նախապես նշել էր, որ եթե գերիների հարցը չլուծվի, դրա իրագործման մեխանիզմները դժվարություններ են առաջացնելու, ինչը, ըստ Մակունցի, վերահաստատեց մոսկովյան այցի ժամանակ: 

«Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը, և՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են»,- նշեց պատգամավորը: