hetq.am: Այս տարվանից սկսած Հայաստանում գրանցված աշխատողները հարկվելու են ավելի ցածր եկամտային հարկով, սակայն զուգահեռ բարձրանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող գումարները։ 

Հարկային դրույքաչափերը ամրագրված  են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով»։

Եկամտային հարկը բոլորի համար 23%-ից դառնում է 22%

2020 թվականից Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը: Սա նշանակում է, որ բոլոր գրանցված աշխատողները նույն տոկոսաչափով եկամտային հարկ են վճարում։

Եթե նախկինում գործում էր պրոգրեսիվ համակարգը և քաղաքացիները հարկվում էին ըստ եկամտի չափի (որքան բարձր էր եկամուտը, այնքան բարձր էր եկամտային հարկի տոկոսը), ապա 2020 թվականին բոլորը վճարել են 23% եկամտային հարկ։ 

Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցվելու է՝ հասնելով 20%: Այս տարի այն կկազմի 22%:

 Այսպես.

  • 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը սահմանվել է 23%,
  • 2021-ի հունվարի 1-ից՝ 22%,
  • 2022-ի հունվարի 1-ից՝ 21%,
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 20%:

Կուտակվող կենսաթոշակին կուղղվի աշխատավարձի 3.5%-ը՝ նախկին 2.5% փոխարեն

Եկամտային հարկի դրույքաչափերի նվազմանը զուգահեռ սոցիալական վճարներն աճում են։

Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Ավելի բարձր տարիքի անձինք համակարգին կարող են միանալ կամավոր։ 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձևակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայում պետության մասնակցությունն ավելի մեծ է։

Սակայն հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023 թվականից նշված 10%-ում պետության և աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական %։

2020 թվականին որպես սոցիալական վճար գանձվել է աշխատողի աշխատավարձի 2.5%-ը, պետությունը դրան ավելացրել է աշխատողի աշխատավարձի 7.5%-ի չափով։ 

2021 թվականից պետության մասնակցությունը նվազում է մեկ տոկոսային կետով՝ դառնալով 6.5%, իսկ աշխատողի մասնակցությունը նույնքանով ավելանում՝ դառնալով 3.5%:

Այսպես, պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալն  են.

  • 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%,
  • 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%,
  • 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%,
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:

Միևնույն ժամանակ, սոցիալական վճարի հաշվարկում որոշակի նրբություններ կան։ Համակարգն այնպես է պլանավորված, որ պետության կողմից մեկ մասնակցի համար կուտակվող կենսաթոշակի գումարը չգերազանցի 32 500 դրամը։

Եթե աշխատավարձը 500 000-1 020 000 դրամի սահմաններում է, ապա պետության կողմից վճարվում է 32 500 դրամ, իսկ մասնակցի կողմից աշխատավարձի 10%-ից հանած 32 500 դրամը։

Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 1 020 000 դրամը, ապա ֆիքսված գումար է վճարվում՝ պետության կողմից 32 500 դրամ, իսկ անձի կողմից` 69 500 դրամ։

Բարձրանում են նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները

Մինչև 2021 թվականը Հայաստանում գրանցված աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձից ամսական 1000 դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Սա համարվում է դրոշմանիշային վճար։

Անցած տարեվերջին ընդունված փոփոխություններից հետո այն դադարում է լինել «1000 դրամների հիմնադրամ». դրոշմանիշային վճարները սահմանվել են պրոգրեսիվ սանդղակով՝ դառնալով 1500-15 000 դրամ։ Որքան բարձր է աշխատավարձը, այնքան աշխատողն ավելի մեծ գումար է ուղղելու հիմնադրամին։

Շարունակությունը՝ hetq.am-ում