Տղամարդկանց և կանանց աշխատանքային անհավասարության խնդիրները համակարգային առումով շարունակում են խնդրահարույց մնալ: Անկախ աշխատանքային օրենսդրության կարգավորումներից՝ խտրականության տարբեր դրսևորումների արդյունքում կանայք, մեծ հաշվով, շարունակում են աշխատաշուկայից դուրս մնալ:

«Մասնավորապես, հաճախ հանդիպում են աշխատանքի հայտարարություններ, որտեղ աշխատանքի ընդունման հիմնական նախապայմանն է, օրինակ, կնոջ տարիքը կամ բարետես արտաքինը: Որոշ դեպքերում խտրականության դրսևորման հետևանքով կնոջն աշխատանքի չեն ընդունում, և նախապատվություն է տրվում ավելի ցածր որակավորում ունեցող տղամարդ դիմորդին: Խնդիրն ավելի ակնառու է այն կանանց պարագայում, որոնց դեպքում գործատուները վախենում են կնոջ՝ մայրության արձակուրդի գնալու հավանականությունից և նախապատվություն տալիս են այլ թեկնածուների»,- նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ-ի տարեկան զեկույցում (2020-ը դեռևս չի հրապարակվել):

Ըստ զեկույցի՝ կանայք հաճախ խնդիրների են բախվում աշխատանքի ընտրության հարցում: Նրանք բարդություններ են ունենում թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման տեսանկյունից, թե՛ աշխատանքը երեխայի ծննդյան պարագայում պահպանելիս ու մայրության արձակուրդից վերադառնալիս (նախադպրոցական կրթական հաստատությունները հազվադեպ են կազմակերպում մինչև 2-3 տարեկան երեխաների ընդունելություն):

Աշխատանքային խտրականության թեմայով Infocom.am-ը զրուցել է մի խումբ կանանց հետ, որոնց աշխատանքային գործունեությանը խոչընդոտել են սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, ամուսնական կարգավիճակն ու երեխա ունենալու հանգամանքը:

 

Աշխատանքային խտրականության էութունը

 

ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ աշխատանքային խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումը: Այն օրենքով արգելված է:

Խտրականության դեմ պայքարի շրջանակում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Համաձայն այդ նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ անկախ մաշկի գույնից՝ աշխատանքային հարաբերությունների կողմերն ունեն հավասար իրավունքներ, և մաշկի գույնը չի կարող աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ համարվել:

 

Աշխատանքային խտրականություն՝ պայմանավորված սեռով

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը, այդ թվում՝ անկախ նրանց սեռից: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանվում է, որ աշխատանքների որակավորման համակարգի կիրառման դեպքում միևնույն չափանիշները պետք է կիրառվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ, և այդ համակարգը պետք է մշակված լինի այնպես, որ բացառի սեռային հատկանիշներով ցանկացած խտրականություն: Չնայած սրան՝ աշխատանքի թափուր տեղերի համար տրվող հայտարարություններն ու դրանց դիմող կանայք շարունակում են բախվել խտրականության դրսևորումների, և կանայք աշխատաշուկայում մրցակցային ավելի շատ խոչընդոտներ են ունենում, քան տղամարդիկ:

«Հայաստանում 25+ տարիքի կանայք մեծամասամբ բախվում են աշխատանքային խտրականության: Սակայն խնդրի ավելի սարսափելի կողմը կա, երբ վերցնում են աշխատանքի, բայց դիտարկում ոչ թե որպես աշխատակից, այլ իգական սեռի ներկայացուցիչ։ Անաշխատանք մնալու պատճառներից մեկը դա է»,- ասում է Ալինա Մուրադյանը:

«Աշխատանք էի գտել, որ հնարավորություն էր տալիս տնից աշխատելու: Պետք էր ընդամենը զագսի տվյալները մուտքագրել համակարգչի մեջ և վերածել էլեկտրոնային տարբերակի: Գործատուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ամեն ինչ լավ էր, մինչև այն պահը, երբ հայտնեցի, որ դեկրետի (մայրության արձակուրդի) մեջ եմ, բայց խնդիր չունեմ, կարող եմ նշված ժամերով աշխատել: Ասացին՝ ինքակենսագրական ուղարկի՝ կդիտարկենք: Այսինքն՝ նույնիսկ տնից աշխատելու դեպքում երեխան գործատուին խանգարեց, այն դեպքում, երբ այդ բնույթի աշխատանքը կա՛մ ինձ էր հարմար, կա՛մ ուսանողին: Մինչև դեկրետից դուրս գամ՝ կլինեմ 30 տարեկան, այդ ժամանակ էլ կասեն՝ մեծ ես: Բացի այդ՝ ոչ մի կազմակերպության չգիտեմ, որ նույն շենքում երեխաների սենյակ կունենա՝ թեկուզ վճարովի հիմունքներով: Այսինքն՝ դու ամեն կերպ իզոլացվում ես»,- ներկայացնում է Մադլեն Անտոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ այն պարագայում, երբ գործատուին տեղեկացրել է, որ երեխան խնամակալ ունի, միևնույն է՝ ընտրել են ազատ մեկին․ «Մի կողմից պետությունը խրախուսում է ծնելիությունը, մյուս կողմից գործատուների պահվածքը, նախընտրությունները, ինչպես նաև աշխատանքային պայմանները ընտրության առաջ են դնում քեզ: Կարծում եմ՝ սա մեծ խնդիր է նաև ծնելիության տեսանկյունից, երբ մարդիկ հասկանում են, որ երեխա ունենալով՝ նվազագույնը երեք տարի չեն աշխատի»:

Վարդ Սարգսյանի պարագայում գործատուն նրան աշխատանքի չի ընդունել, քանի որ նոր էր ամուսնացել․ «Ինձ աշխատանքի չվերցրին՝ մտածելով, որ ֆիզարձակուրդի հարց կլինի, իսկ դա, ըստ իրենց, ձեռք չի տալիս»:

Համաձայն ազգային վիճագրական ծառայության տվյալների՝ կանանց և տղամարդկանց աշխատուժի մասնակցության մակարդակի սեռային խզվածքը 2019թ․-ին կազմել է 30.8%, որը հատկապես բարձր է 25-34 տարիքային խմբում (43 %), ինչը հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով և ընտանեկան զբաղվածությամբ: 

 

Աշխատանքային խտրականություն՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ

 

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Դիանա Ապրեսյանն աշխատանք գտնելու հարցում ևս դժվարություն է ունեցել: Նրա խոսքով՝ եթե Հայաստանից դուրս ուզում ես աշխատանքի անցնել, քեզ որակում են որպես «երկրորդ կարգի» մարդ՝ չնայելով ո՛չ մասնագիտական, ո՛չ լեզվական հմտություններիդ, որպեսզի խուսափեն «ավելորդ գլխացավանքից»։ 

«Շատ երկար ամիսներ ՌԴ-ում աշխատանք փնտրելուց ու մերժումներ ստանալուց հետո դիմեցի աշխատանքի տեղավորման գործակալությունում աշխատող ընկերներիցս մեկին, որպեսզի հասկանամ՝ ինչ է խնդրի էությունը, որ ամենուրեք հրաժարվում են աշխատանքի ընդունել։ Նրանից շոկային պատասխան ստացա. «Քանի որ քաղաքացիություն չունես (բայց փոխարենը՝ նախնական ապրելու և աշխատելու 3 տարվա թույլտվություն ունեմ), ոչ ոք քեզ աշխատանքի չի էլ ընդունի, որովհետև օտարերկրացուն աշխատանքի ընդունելն իր հետ բերում է հավելյալ ուշադրություն, ստուգումներ ու հաշվետվություններ, իսկ ավելորդ գլխացավանքի կարիք ոչ ոք չունի։ Փորձի՛ր խանութում առանց գրանցվելու վաճառողուհի աշխատել։ Այսինքն՝ ստացվում է, որ իզո՞ւր եմ տարիներով ջանք թափել ու ժամանակի ամենապահանջված մասնագիտություններից մեկի՝ սերվիսագետի որակավորում ստացել»:

Դիանան ասում է, որ հարկադրված, տնային տնտեսուհու կարգավիճակով առայժմ սպասում է քաղաքացիություն ստանալուն

«Հարցն այն է, որ հետո էլ կառչելու են աշխատանքային փորձ չունենալուց, ընտանեկան կարգավիճակից։ Այս խնդիրը շրջանաձև է, մշտապես անելանելի օղակում ես՝ մինչև որևէ տեղ գործի չդնես ծանոթ-բարեկամ համակարգը»,- ասում է նա ու ավելացնում. «Արտերկրում աշխատանք փնտրողի առջև ծառանում է նաև մեկ այլ՝ մշակութային տարբերության, մենթալիտետի խնդիրը: Այսինքն, եթե որոշ ազգերի կանանց համար նորմալ երևույթ է, երբ, նախ և առաջ, իրենց աշխատանքի են ընդունում որպես բարետես արտաքին ունեցողի (ինչը նաև իրենք են որպես առավելություն կիրառում), ապա հայ կանանց համար դա ինչ-որ տեղ նույնիսկ անընդունելի և վիրավորական է»:

Ըստ նրա՝ այդպիսի դեպքերում շատերը ստիպված են լինում դադարեցնել մասնագիտական աշխատանքի որոնումներն ու աշխատում են այն ոլորտում, որում ընտրության հնարավորություն ունենալու դեպքում միանշանակ չէին աշխատի։

Դիանա Ապրեսյանին հակադիր դիրքորոշում է հայտնում Հայկանուշ Միսկարյանը․ «Ես ապրում եմ Ֆրանսիայում ու ոչ մի անգամ ոչ մի գործատուիս կողմից նման բան չեմ տեսել: Ասեմ ավելին՝ մեզ մոտ ոչ մի ազգի ներկայացուցիչ ազգային կամ ռասայական խտրականության չի ենթարկվում, իսկ ես աշխատել, աշխատում եմ թե՛ ֆրանսիացիների, թե՛ ուրիշ ազգերի ներկայացուցիչների հետ ու կարող եմ ասել, որ մարդիկ անգամ վախենալով ու չափազանց զգույշ են հարցնում, թե ինչ ազգի ներկայացուցիչ ես»:
 

Աշխատանքային խտրականություն՝ պայմանավորված տարիքով

«Ես կասեի՝ համարյա բոլոր տեղերում այսպես է. «պահանջվում է մինչև 35 տարեկան, բարետես արտաքինով, աշխատանքային փորձով իգական սեռի աշխատակցուհի, օրինակ՝ հաշվետարի, հաշվապահի աշխատատեղի համար» »,- ասում է Արմինե Ստեփանյանը, որը 4 տարի է՝ չի կարողանում աշխատանք գտնել։

«Գրեթե բոլոր գործատուներն ունեն տարիքային շեմ, առավելագույնը՝ 25: Երեխա, ընտանիք չունենալը մեծ առավելություն է, որպեսզի ստրուկի գրաֆիկով կարողանան աշխատեցնել: Եթե հարցնում ես՝ գրանցո՞ւմ եք և ո՞նց եք գրանցում (քանի որ մեծ մասը չեն գրանցում, գրանցելուց՝ շատ ամիսներ ուշ և սիմվոլիկ աշխատավարձով), միանգամից ընկնում ես «սև ցուցակ»: Հասկանում ես, որ մեծ մասի նման անօրինական են աշխատում:

Բացի այդ՝ մտնում են նեղ անձնական տարածք, օրինակ՝ «ընկեր ունե՞ս, ծնողներդ ո՞վ են, որտե՞ղ են, որտե՞ղ են աշխատում, եղբայր ունե՞ս… »: Ռեզյումեի հետ անպայման 3-4 ազատ ոճի լուսանկար են ուզում: Նույնիսկ ասել են՝ մեզ պետք է արտահայտիչ դիմահարդարում ունեցող աղջիկ: Դե եթե մենեջերի հաստիքի համար ես դիմում, կարճ ու բաց հագնվելը մեծ առավելություն է տալիս: Մի խոսքով՝ շատ ցավոտ թեմա է»,- աշխատանքի որոնման իր փորձառությունն է պատմում Հելեն Թոփչյանը:

 

Աշխատանքային խտրականության այլ դրսևորումներ

 

«Աշխատանքային խտրականությունը տարածվում է նաև արտաքինի վրա, ինչը նկատվում է նաև հայտարարություններից՝ «պահանջվում է բարետես արտաքինով...»,- տեսակետ է հայտնում Հասմիկ Մեհրաբյանը:

«Վերջերս բախվեցի մի խնդրի, երբ աշխատանքի էին վերցնում՝ ֆեյսբուքյան օգտահաշիվը նայելով: Ստացվում է՝ աշխատանքի անցնելու համար իմ հաղորդակցվելու հմտություններին տալիս են 0 միավոր, բայց լուսանկարները գնահատվում են 10 միավոր։ Ու հետաքրքիր է, թե ով է որոշում՝ տվյալ օգտահաշվի տերը բարետե՞ս է, թե՞ ոչ, ի՞նչ չափանիշներ կան»։

Աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրացման ընթացքում կանայք ենթարկվում են նաև հորիզոնական խտրականության, ինչը ենթադրում է կանանց համար սահմանափակումներ՝ ըստ մասնագիտությունների և աշխատանքի ոլորտների:

Աշխատանքի շուկայի ցուցանիշներ

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Զբաղվածության պետական գործակալության տվյալների՝ 2020թ․-ի հոկտեմբերի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը եղել է 88,356, նրանցից գործազուրկները՝ 60,668: Աշխատանք փնտրողների շրջանում գերիշխել են կանայք՝ 57,682, տղամարդկանց թիվը կազմել է 30,674: Աշխատանք փնտրողների ամենամեծ թիվը եղել է Շիրակի (17,182), ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում (1,348):

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2019թ․-ին տնտեսական գործունեության խոշոր խմբերում կանայք առավելապես եղել են պետական կառավարման, կրթության, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման բնագավառում, տղամարդիկ՝ շինարարության, արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, կացության, անշարժ գույքի, հանրային սննդի կազմակերպման և այլ ոլորտներում:

Ըստ զբաղվածների զբաղմունքի խմբերի՝ կանանց շրջանում գերիշխել են գրասենյակային ծառայողները (68%), միջին և բարձր որակավորման մասնագետները (61%), տղամարդկանց շրջանում՝ ղեկավարները (74%): Հատկանշական է, որ 2019թ․-ին ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ 2.8 անգամ գերազանցել են կանանց (օրենսդիր, գործադիր, դատական, ՏԻՄ, քաղաքական և հասարակական միավորումներ):

Ըստ այդմ՝ տղամարդկանց շրջանում միջին անվանական աշխատավարձը ևս ավելի բարձր ցուցանիշներ է գրանցել:

Աշխատանքային իրավունքների սահմանափակման դեպքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք հիմնականում առաջանում են կանանց աշխատանքային իրավունքների իրացման հարցում հավելյալ երաշխիքների բացակայության պատճառով:

 

Մարջան Չոբանյան