«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին
19:50 - 10 հունվարի, 2021

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի և ձեռնարկվելիք հրատապ քայլերի մասին

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել: Այն ներկայացնում ենք նույնությամբ:

««Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը, 

ներկայացնելով Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի դեօկուպացիայի նպատակը՝ որպես ազգային-քաղաքական տեսլականի մաս, արտահայտում է այն կիսող մեր բոլոր հայրենակիցների ձայնը;
համարելով Հադրութի շրջանի օկուպացիան Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների ստորագրած եռակողմ գրավոր հայտարարության հետևանք;
չընդունելով նշված գրավոր հայտարարությունը՝ որպես միջազգային իրավունքի աղբյուր, քանզի այն հակասում է միջազգային իրավունքի jus cogens նորմերին՝ փաստացի ամրագրելով ադրբեջանական ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հետևանքը;
հավատացած լինելով, որ Արցախի ազատության գաղափարի հիման վրա վերանկախացած Հայաստանի Հանրապետությունն առանց Արցախի հանդեպ ստանձնած պարտավորությունների լիակատար ապահովման երկարաժամկետ հեռանկարում դատապարտված է ազգային-պետական դիմագծի կորստյան և թուրք-ադրբեջանական երկյակի կողմից ժողովրդագրական, տնտեսական ու արժեքաբանական կլանման, կոչ է անում

Հայաստանի իշխանություններին
ա․ հայտարարելու, որ Հայաստանը շարունակում է hետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման (համարը՝ Հ. Ն-0663-1, սկզբնաղբյուրը՝ ՀՀԳԽՏ 1992/13);
բ․ վերադառնալու Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով;
գ․ գործադրելու պետական բոլոր ուժերը՝ հասնելու համար Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների միջազգային իրավական դատապարտմանը;
դ․ «բ․» և «գ․» կետերի իրականացման ընթացքում բարձրացնելու Հադրութի շրջանի դեօկուպացիայի պահանջը՝ որպես ազգերի ինքնորոշման սկզբունքի ապահովման և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետևանքների հաղթահարման նախագրավական;
ե․ ԱՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության մասով ընդունելու համապատասխան ներպետական իրավական ակտ-վերապահում, որտեղ կարձանագրվի, որ այդ հայտարարությունը հումանիտար նպատակ է ունեցել՝ կանգնեցնելու արյունահեղությունը, իսկ մնացյալ կետերը թողնվում են հետագա միջազգային իրավական բանակցությունների միայն այն բանից հետո, երբ կհստակեցվի ՀՀ սահմանադրականությանը դրանց համապատասխանությունը;
զ․ հընթացս «ե» կետի իրականացման՝ չստանձնել Լեռնային Ղարաբաղի հարցով ՀՀ համար որևէ նոր միջազգային պարտավորություն և անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ՀՀ ԳԽ որոշման;
զ․ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական և լուսավորչական ծրագրերի միջոցով բարձրացնել ՀՀ բնակչության շրջանում բարձրացնել հանրային իրազեկումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների, այդ թվում՝ Հադրութի շրջանի մասին;

Հայաստանի իրավապահ համակարգին և քաղաքական ուժերին
ա․ հանդես գալու համապատասխանաբար իրավական և քաղաքական գնահատականներով՝ կապված ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության և Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանի մասին;

Միջազգային հանրությանը
ա․ դատապարտելու Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և հանդես գալու դրանց հետևանքների հաղթահարման անհրաժեշտության պաշտպանությամբ;
բ․ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով լուծման օգտին»։

 

Մեկնաբանել


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել