Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյան
16:55 - 10 հունվարի, 2021

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյան

17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»-ի կապիտուլյացիայի շարունակության։

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։

Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։

Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։

Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպում է տեղի ունենալու Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, և Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Գևորգյանի խոսքով՝ եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել