Արտաքին գործերի նախարարությունը դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 17-ին  հրապարակել էր այն պետությունների ցանկը, որոնք փոխադարձության սկզբունքով կարող են գալ Հայաստան առանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջի։ Այս ցանկում նշված առաջին պետությունը Ադրբեջանի Հանրապետությունն է։ 

Դեկտեմբերի 17-ին հրապարակված հայտարարությունը միայն այսօր է տարածվում լրատվամիջոցներում։ Այն լայն արձագանք գտավ հանրության շրջանում, քանի որ, ըստ հայտարարության, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի պահանջի մուտք գործել Հայաստան, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները Ադրբեջան։

Սա մեծ տարածում գտավ հատկապես սոցիալական ցանցերում եւ մեկնաբանվեց իբրեւ նոր որոշում։

Նո՞ր, թե՞ հին որոշում

Արտաքին գործերի նախարարությունը ամեն տարի թարմացնում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան առանց մուտքի վիզա ձեռք բերելու։ Սա կատարվում է փոխադարձության սկզբունքով, ինչն էլ ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք նույն երկրներ կարող են մտնել առանց մուտքի վիզա ձեռք բերելու։ 

Այս ցանկում Ադրբեջանի ներգրավվածությունը նոր չէ։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ցանկը թարմացվելուց հետո հին ցանկը չի պահպանվում, այնուամենայնիվ հնարավոր եղավ գտնել հին փաստաթղթերից երկուսը, որոնք նույնպես հաստատում են, որ Ադրբեջանը նոր չէ, որ ընդգրկվել է ցանկում։

Մամուլում նույնպես տարբեր ժամանակներում եղել են հրապարակումներ, որոնք փաստում են, որ սա նոր որոշում չէ։ 2008 թվականի հունիսի 10-ին Արմենպրես լրատվական գործակալությունը գրել էր, որ փոխադարձության սկզբունքով Հայաստան կարող են մուտք գործել 30 երկրի քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Ադրբեջանն էր։ 2014 թվականի փետրվարի 4-ի թարմացված ցանկում, ինչպես նաեւ 2018 թվականի ապրիլի 3-ի ներկայացված ցանկում նույնպես Ադրբեջանը ներառված եղել է։

Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելը

Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ։ Հայաստանն ԱՊՀ կազմում է 1992, իսկ Ադրբեջանը՝ 1993 թվականից։ ԱՊՀ կանոնադրությունը հաստատվել է 1993 թվականի հունվարի 22-ին։ Համաձայն կանոնադրության առաջին գլխի երկրորդ հոդվածի՝ ապահովվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը ԱՊՀ տարածքում։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի փոխադարձ սահմանումը նախատեսված է ԱՊՀ կանոնադրությամբ։

Մեր զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ առանց վիզայի մուտքի ռեժիմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե ֆակտո չի գործում։ Գործում է միայն հատուկ թույտվության ռեժիմը, որը տրամադրում են իրավասու մարմինները՝ հատուկ ընթացակարգով։

Նարեկ Մարտիրոսյան