hetq.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ համաձայնության է եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ, խուսափում է կոնկրետ պատասխան տալ Արցախի բանակին վերաբերող հարցերին:

Դեկտեմբերի 16-ին, երբ ադրբեջանցիներն արդեն (դեկտեմբերի 12-ին) գրոհել ու գրավել էին Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող վերջին գոտին՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, ու ինչպես հետո պարզվեց, սպանել էին 9 հոգու եւ գերի վերցրել 64-ին, վարչապետին մի քանի հարց էինք ուղղել Արցախի շուրջ իրավիճակի եւ Հայաստանի սահմաններին վերաբերող խնդրի մասին:

Այս անգամ կանդրադառնանք երկու հարցի, որոնք, ի թիվ մյուսների, ուղղել էինք վարչապետին:

Հարցերից առաջինի համար հիմք էին ծառայել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում իրականացրած սադրանքից հետո ադրբեջանական կողմի հայտարարությունները: Այն հետեւյալն էր:

-Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությունը մեկնաբանում է 4-րդ կետի տրամաբանությամբ, այն է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Արդյոք սա նշանակում է, որ ԼՂՀ-ում հայկական ուժեր չպիտի լինեն: Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում այս կետը, որը նման մեկնաբանության տեղիք է տվել: Ինչպիսի՞ եռակողմ «ըմբռնում» է եղել հայտարարությունը ստորագրելիս («ըմբռնում» տերմինը շրջանառության մեջ դրեց հենց ինքը՝ Փաշինյանը, դեկտեմբերի 13-ին կայացած անվտանգության խորհրդի նիստում, երբ հայտարարեց, թե Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող փոքր հատվածների մասով, ըստ նրա, բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում. ինչպես շուտով պարզվեց, խոսքը, պարզ լեզվով ասած, այդ հատվածները թշնամուն հանձնելու մասին էր, ինչն էլ արվեց դեկտեմբերին):

Ահա, թե դեկտեմբերի 30-ին ինչ է պատասխանել Ն. Փաշինյանի աշխատակազմը մեր հարցին:

-Ինչպես բազմիցս արդեն նշել է ՀՀ վարչապետը, եռակողմ հայտարարությունը պարունակում է ինչպես հստակ գործողություններ եւ պարտավորություններ ենթադրող, այնպես էլ որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր: ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահական առաքելության պատասխանատվության գոտում իրենց տեղակայումը, եւ դրան զուգահեռ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են իրականացնել մարտական ծառայություն:

Այստեղից կարող ենք հետեւություն անել, որ Արցախի ՊԲ-ի վերաբերյալ կոնկրետություն չկա, ու վարչապետի աշխատակազմն էլ խոստովանում է, որ կան «որոշակի նրբություններ պարունակող եւ հետագա հստակեցման կարիք ունեցող կետեր»:

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։