Պատրիարք Կիրիլը կոչ է արել չանտեսել կրոնական առաջնորդների դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում |shantnews.am|

21:12 - 07 հունվարի, 2021

shantnews.am: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիյա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Նա խոսել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների և խաղաղության գործընթացում ունեցած ներդրման մասին:

«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, և ես հիմնվում եմ ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի եկեղեցական և կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլմանական առաջնորդ Փաշա-զադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել և պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և այդ զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, չկար լարվածություն` չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկները բացահայտ արտահայտվում էին: Սակայն դրանք չեն ուղեկցվում, այսպես ասած, ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են և երբ երկխոսությունն, ըստ էության, վերածվում է խոսքերի պատերազմի: Նման բան երբեք չի եղել, և դրա պատճառն այն է, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիակատար պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար: Իսկ ի՞նչ է հոգևոր վիճակը: Ո՞ր ուժը կգերակշռի` խաղաղության, սիրո, հանգստության թե՞ չարիքի ուժը, դրանից էլ կախված կլինի մարդկանց վարքը: Ուստի, կրոնական առաջնորդների դերը կարևոր է, մենք այն չենք չափազանցնում, նաև չենք թերագնահատում»,- ասել է պատրիարք Կիրիլը:

Նա նաև խոսել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքների մասին` շեշտելով, որ եկեղեցու դերը չի կարելի անտեսել:

«Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից` մենք, իհարկե, զգալիորեն իջեցրինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ուստի, առանց չափազանցնելու կրոնական առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն», – ասել է Համայն Ռուսիո պատրիարքը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել