Արայիկ Հարությունյանն այսօր  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
18:04 - 07 հունվարի, 2021

Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ։

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի պետական լիազոր մարմինների ղեկավարներն ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68 հազարական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ:

Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ Հայաստանի տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի Հայաստանի կառավարության կողմից:

Արայիկ Հարությունյանը հիմնականում բարձրացրել է բնակարանային ապահովման հարցը: Նրա խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, և այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը և ներկայացնել պետական լիազոր մարմիններ:

Նախագահն ընդգծել է, որ բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով, իսկ դրանցում տեղավորված ընտանիքներին կտրվեն տնտեսական գործունեության համար միջոցներ: Պետական, բարեգործական և աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաև կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել Արցախի ենթակառուցվածքների գերակշիռ մասը, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել էր ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության հետևանքով: Նախատեսվում է նաև միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման, ոռոգովի հողատարածքների քանակի ավելացման և գյուղատնտեսական աշխատանքների խրախուսման մեծածավալ ծրագրերի իրականացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել