ՊԲ-ն չի բացառում, որ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված կադրերում գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների սպանության հետ
16:32 - 30 դեկտեմբերի, 2020

ՊԲ-ն չի բացառում, որ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված կադրերում գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների սպանության հետ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է:

Ավելին` ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ:

Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։

Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը:

Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել