Որոշվել էր, որ Արցախի նախագահը պետք է հրաժարական տա. նա խախտել է Բալասանյանի և ՀՅԴ–ի հետ պայմանավորվածությունները. հայտարարություն
11:41 - 30 դեկտեմբերի, 2020

Որոշվել էր, որ Արցախի նախագահը պետք է հրաժարական տա. նա խախտել է Բալասանյանի և ՀՅԴ–ի հետ պայմանավորվածությունները. հայտարարություն

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարություն են տարածել` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է իրենց հետ պայմանավորվածությունները։

Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ: ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով:

Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Ա. Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով: Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը:

Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը: Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել