Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը |armenpress.am|
09:55 - 30 դեկտեմբերի, 2020

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Պետության տեսլականում է ՀՀ պաշտպանության նախարարությունը դարձնել տնտեսության խթանիչ ուժերից մեկը, մոտակա տարիներին ՊՆ-ն կհանդիսանա տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Տնտեսության զարգացման մոտեցումների, աճի կանխատեսումների, գնաճի վերահսկման մեխանիզմների, հետպատերազմյան իրավիճակում ներդրումների ներգրավման և այլ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

-Պարոն Քերոբյան, Դուք նախարար եք նշանակվել այն ժամանակ, երբ տնտեսությունը վատ վիճակում է, պետբյուջեի նախագծով կանխատեսվում է տնտեսական անկում, ընդ որում՝ ԿԲ-ի կանխատեսումն ավելի վատատեսական է, իսկ վարչապետն իր ճանապարհային քարտեզում նախանշվում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում, ինչպե՞ս եք պատկերացնում, տնտեսության ո՞ր ճյուղի հաշվին եք հիմնականում պատկերացնում այդ վերականգնումն ապահովելը, որո՞ն ք են առաջնային կարևոր անելիքները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ տնտեսությունը դուրս բերեք վատ վիճակից: 

-2020-ը անկումային տարի էր, բայց 2021-ը պետք է լինի աճի տարի: Տարբեր գնահատականներ կան, ամենալավատեսականը, գուցե, իմ գնահատականն է: Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից: 2020-ը աղետալի տարի էր՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն, բայց սա նաև լավ հնարավորություն է՝ նորից սկսելու համար, վերաիմաստավորելու տնտեսության ճյուղերը, վերաիմաստավորելու մեր ապրելակերպը, ուշադրություն դարձնելու կրթությանը, գիտությանը և այլն: Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լինի պետության կիզակետում, արժեքային շղթաների երկարեցումն է՝ համագործակցությունը խորացնելու շնորհիվ: Օրինակ, Հայաստանում կան լավ ոսկերիչներ և լավ ադամանդագործներ:

Բայց ադամանդագործներն իրենց ադամանդները վաճառում են դրսում, ոսկերիչներն էլ իրենց հերթին ադամանդներն են գնում դրսից: Թվում է, որ համագործակցությունը ներսում պետք է ավելի սերտ լիներ, և արդյունքում լրացուցիչ արժեքը, որը կմնար Հայաստանում, կլիներ ավելի մեծ, բայց այդ համագործակցությունը չկա, ամեն մեկն ինքնուրույն է աշխատել: Որպես նախարարություն՝ մեր գործը պետք է լինի համախմբել այն մարդկանց, որոնք կարող են միասին համագործակցել և արդյունքում ստանալ ավելի թանկ ապրանքներ:

Դա ուղղություններից մեկն է, բայց ոչ ամենակարևորը: Ամենակարևորը տնտեսության երակներում արյուն լցնելն է: Եվ դա կապիտալն է: Հայաստանում կապիտալը դեռևս շարունակում է մնալ շատ անհասանելի: Մենք ունենք բանկեր, որոնք վարկ են տալիս, որը կայացած ֆինանսական համակարգ է, բայց դա տնտեսության ֆինանսավորման շերտերից միայն մեկն է: Մենք չունենք ոչ հրեշտակային ֆինանսավորման գործիքներ, ոչ մասնավոր և վենչուրային ֆոնդերի գործիքներ, ոչ կորպորատիվ արժեթղթերի շուկա, ոչ կապիտալի կայացած շուկա:

Այս բոլորն այն ֆունդամենտալ ենթակառուցվածքներն են, որոնք պետք է սնեն տնտեսությունը կապիտալով: Մեր ամենամեծ առաջնահերթությունը պետք է լինի այն, որ կարողանանք տնտեսությանը և ընդհանրապես գործարարներին, բիզնեսով զբաղվել ցանկացող մարդկանց հասանելի դարձնել ֆինանսական միջոցները:

-Հայաստանում վերջին շրջանում դրամը գնալով արժեզրկվում էորոշ տնտեսագետներ ասում ենոր սրա պատճառն այն էոր քաղաքական անորոշությունները վերաճում են տնտեսական խնդիրներիդրանց լուծում չի տրվումարդյունքում դրամն արժեզրկվում էՆախ դրամի՝ այս չափով արժեզրկումն ինչպե՞ս եք գնահատումըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվի այն կանխելու համարՁեր ղեկավարած գերատեսչություն ի՞նչ անելիք կարող է ունենալ այս հարցում:

-Մենք որպես արտահանմանը միտված երկիր, տնտեսություն, իհարկե, պետք է անենք այնպես, որ մեր արժույթը լինի համահունչ մեր հիմնական առևտրային գործընկերների արժույթներին: Իսկ այսօր դրամն անհամեմատ ավելի կայուն է, քան մեր հիմնական գործընկերների արժույթները, որոնք են ԵԱՏՄ-ն, Վրաստանը, Իրանը և բազմաթիվ այլ երկրներ, որտեղ այս տարի, Covid-19-ով պայմանավորված՝ ազգային արժույթների 30-40 տոկոսանոց արժեզրկում է եղել: Այս առումով մենք համարում ենք, որ հակառակը, այս արժեզրկումն անհամեմատ ավելի քիչ է, քան իրականում պետք է Հայաստանի տնտեսությանըԿա ուղիղ համեմատական՝ դրամի և դոլարի կուրսի փոփոխության և արտահանման աճի միջև: Այսինքն, եթե դրամը 1 տոկոսով արժեզրկվում է, հանգեցնում է արտահանման մոտ 1.7 տոկոս աճի: Հետևաբար, եթե, օրինակ, պատկերացնենք, որ դրամը 10 տոկոսով արժեզրկվի, արտահանումը 17 տոկոսով կաճի, ինչն էլ կնշանակի նոր աշխատատեղեր և այլն:

-Այդ դեպքում երկրում կլինի գնաճ:

 -Ամբողջ խնդիրն այն է, որ գնաճը պետք է լինի վերահսկելի: Արտահանման աճն ինքնին նշանակում է, որ տեղական արտադրանքը սկսում է ավելի մրցունակ դառնալ: Եվ դրա հաշվին գնաճը նաև կզսպվի: Տեղական արտադրանքները կսկսեն փոխարինել ներմուծված ապրանքներին, որն էլ կբերի նրան, որ մենք կունենանք ավելի շատ տեղական արտադրության վրա հիմնված տնտեսություն. հիմա այդպես չէ:

-Սահմանազատման աշխատանքների արդյունքում կորցրեցինք Սոթքի հանքավայրի մի մասը: Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջատարներից է, վերջին տվյալներով՝ 4-րդ խոշոր հարկատուն է, փաստորեն կորցնում ենք խոշոր հարկատու: Ձեր տվյալներով դա Հայաստանի արտահանման ծավալներում ի՞նչ մաս էր կազմում, ի՞նչ չափով կորուստ կկրենք այս մասով ևս:

-Մեր նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ տնտեսական ներուժը պաշտպանվի և աճի: Այսինքն՝ մի կողմից ներդրումներով պետք է աճեցնել, մյուս կողմից էլ պետք է ստեղծել այն բոլոր պետական պաշտպանիչ միջոցառումները, որպեսզի մեր տնտեսական համակարգի մասնակիցները կարողանան աշխատել:

Սոթքի մասով, ցավալի է, որ այդպես եղավ, սակայն պետք է անել առավելագույնը, որ կոմպենսացվի այն վնասը, որ մենք այդտեղ ունեցանք: Մենք շատ մեծ վնասներ ենք ունեցել, դրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Եվ, իհարկե, պաշտպանության նախարարությունը այստեղ կարող է հանդես գալ որպես տնտեսության խթանիչ ուժերից մեկը: Մոտակա տարիներին այն կհանդիսանա մեր տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Ես չեմ էլ ուզում ասել պատվիրատուներից մեկը, այլ՝ ամենամեծ պատվիրատուն՝ թե շինարարական աշխատանքների, թե ենթակառուցվածքների, թե ռազմարդյունաբերության, բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ այդ ընկալումը կարծես կա, որ ՊՆ-ն պետք է դառնա մեր երկրի ամենամեծ պատվիրատուն, նաև խթանի տնտեսական աճը՝ իր կողմից:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել