ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին
21:44 - 29 դեկտեմբերի, 2020

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Ինչպես տեղեկացրին նշված հանձնաժողովից, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները:

«ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը:

Դեսպան Վիկտորինը վերստին հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել