Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|
16:43 - 29 դեկտեմբերի, 2020

Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 86 «կողմ» ձայնով:

«Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,- նախագծի քննարկման ընթացքում նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց օրինագծի ընդունմամբ:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախածգում փոփոխություններ չէին կատարվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել