Դատարաններում ծանրաբեռնվածությունն աճել է. 2020 թ. ստացված 6740 քրեական գործ քննել է 61 դատավոր |armenpress.am|
16:21 - 29 դեկտեմբերի, 2020

Դատարաններում ծանրաբեռնվածությունն աճել է. 2020 թ. ստացված 6740 քրեական գործ քննել է 61 դատավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ դատարանները 2020 թվականին ստացել են 6470 քրեական գործ, որոնք քննել ենընդամենը 61 դատավոր:

Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Առաջին ատյանի դատարաններում մենք ունենք քրեական գործ քննող 61 դատավոր, քաղաքացիական գործ քննող 86 դատավոր, վարչական գործ քննող 24 դատավոր: Դատարաններում ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է: 2020 թվականի ընթացքում դատարանները ստացել են 6 470 քրեական գործ: Եթե 6470 գործը բաժանեք 61 դատավորի, կտեսնեք ծանրաբեռնվածության աստիճանը, ինչը, կարծում եմ, անմարդկային է: 31 256 միջնորդություն ենք ստացել միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ոլորտում: Սա նախորդ տարվանից ավելի է 9 558-ով: 175 940 քաղաքացիական գործ է ստացվել, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 5 523-ով: Արբիտրաժային գործերի թիվը 2020-ին կազմել է 9 870, որը նախորդ տարվանից ավելի է 6 780-ով»,- ասաց Վարդազարյանը և հավելեց, որ 2020 թվականին եղել է 17 390 վարչական գործ:

Նրա խոսքով` դատավորներն այս ծանրաբեռնվածության պայմաններում աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին, անգամ ուշ ժամերին:

ԲԴԽ նախագահը նկատեց, որ վարչական վերաքննիչ դատարանում այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը, որ այսօր դատական նիստը կարող է հետաձգվել և հաջորդ նիստը նշանակվել արդեն 2022 թվականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել