ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից համակարգիչներ են տրամադրվել սահմանամերձ Բերդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցին
16:06 - 29 դեկտեմբերի, 2020

ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից համակարգիչներ են տրամադրվել սահմանամերձ Բերդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը,  դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով գտնվելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, հանդիպել է նաև Կոստյա Մարդանյանի անվան N 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Տեխնոլոգիական կրթությունը նոր հիմքերի վրա դնելու նպատակով՝ նախարարության կողմից որպես նվեր դպրոցին է փոխանցվել  13 համակարգիչ, որից 8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաներին:

Նախարարը շրջայցի ընթացքում զրուցել է դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների և աշակերտների հետ։ Հակոբ Աշակյանը ընդգծել է տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը Հայաստանի առաջընթացի համար, և որ դրան հասնելու համար դպրոցում պետք է լավ սովորեն, հատկապես բնագիտական ուղղություններով հիմնավոր գիտելիքներ ունենան, ընտրեն մասնագիտություններ՝ տեխնոլոգիական ուղղություններով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ ապագայի բարձր ցուցանիշների գլխավոր հիմնասյունը դպրոցն է։ Դպրոցական տարիքից պետք է հնարավորություն ստեղծվի ծանոթանալու, սովորելու և խորանալու տեխնոլոգիաների հետաքրքիր ու բազմազան մասնագիտություններում։

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, կարևորել է դպրոցում համակարգիչների համալրումը, ընդգծել, որ այն լավ հնարավորություն է թե՛ դպրոցի, թե՛ «Արմաթ» լաբորատորիաների սաների համար՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և նախագծեր իրականացնելու համար։

Նախարար Հակոբ Արշակյանը մարզում այցելել է նաև դիրքեր, ծանոթացել նոր կառուցված ենթակառուցվածքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել