ՀՀ-ում պատերի տակ վնգստացող դատավորներ եղել են, հիմա չգիտեմ՝ կան, թե չկան. Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց անուններ տալ |news.am|

13:17 - 29 դեկտեմբերի, 2020

news.am: Չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության ցանկությունը, չկան դատավորներ, որոնք կատարում են ընդդիմության ցանկություն,  չկան դատավորներ, որոնք ղեկավարվում են հանրային կամ հանրահավաքային ազդեցության տակ ընկնելով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Ինչու եմ վստահ ասում, որովհետեւ չունենք նման վարույթ: Եթե լինեն նման դատավորներ, ապա կլինեն կամ կարգապահական վարույթներ, կամ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ եւ ես տեղյակ կլինեմ»,-ասաց նա:

Հարցին, թե հիմա կա՞ն պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք անկախ դատական համակարգ ունենալու հիմքերը դնել: Պատերի տակ վնգստացող դատավորներ արտահայտությանը ես 1,5 տարի առաջ արձագանքել եմ՝ ասելով, որ այո, մենք ունենք այդպիսի դատավորներ եւ մենք նրանց անունները գիտենք: Ես այսօր էլ նրանց անունները չեմ հրապարակելու:

Ես շատ կուզենամ, որ 1,5 տարի հետո, իմ կոչն էլ հաշվի առնելով դատական իշխանության մեջ պատերի տակ վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի: Չեմ կարող ասել՝ հիմա կան, թե չկան: Վստահ եմ, որ շատերը այս առիթը կօգտագործեն, այդ կարգավիճակից դուրս կգան եւ կլինեն իրոք պրոֆեսիոնալներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել