ԱԺ-ն քննարկեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող օրենքում փոփոխության նախագիծ

 |armenpress.am|
17:57 - 28 դեկտեմբերի, 2020

ԱԺ-ն քննարկեց պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող օրենքում փոփոխության նախագիծ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածում նոր բովանդակություն լրացնել՝ համաձայն որի պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

«Այս առաջարկը բխում է այն հանգամանքից, որ չնայած որ նվազագույն աշխատավարձի մասին օրենքով 2020 թվականից Նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է, սակայն թե 2020-ին, թե 2021-ին բյուջեի մասին օրենքով չի նախատեսվում բազային աշխատավարձի բարձրացում: Եվ հետևաբար օրենքով գործող իրավակարգավորումը, որ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը, չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Այսպիսով, որպեսզի համաձայնեցնենք Բյուջեի մասին ընդունված օրենքը և վարձատրությանն առնչվող օրենքը, առաջարկվում է այս փոփոխությունը»,-ասաց Քալաշյանը:

Միևնույն ժամանակ սահմանվում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել