Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ
13:50 - 27 դեկտեմբերի, 2020

Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
 
«Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ,
 
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ:
 
Փրկարարի առաքելությունը մարդասիրական է և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի:
 
Ցանկանում եմ առանձին շնորհակալական խոսք ասել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար պարոն Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են:
 
Մեր ծառայության հետ արդեն մեկ ու կես ամսվա համագործակցությունը ոչ միայն օր օրի ավելի է ամրապնդվում, այլև շոշափելի տեղաշարժ է նկատվում:
 
Երկու գործընկեր կառույցների միջև փոխգործակցության արդյունքում, օրեր առաջ Ացախի ԱԻ ծառայության նյութատեխնիկական բազան համալրվեց ժամանակակից փրկարարական տեխնիկայով և մեքենաներով, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ:
 
Բոլոր ստորաբաժանումներում համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում: Կարծում եմ փորձի փոխանակումը կնպաստի փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությանը:
 
Մենք երախտապարտ ենք նաև խաղաղապահ առաքելության զինանձնակազմին, որոնք ամեն կերպ աջակցում են անվտանգության ապահովմանը: ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները Արցախի սակրավորական խմբերի հետ համատեղ շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զենք-զինամթերքը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:
 
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ. թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ:
 
Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. Խաղաղ երկինք Ձեզ և Ձեր ընտանիքներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել