Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»
12:44 - 26 դեկտեմբերի, 2020

Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019 թվականի վերջում հիմնադրված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը:

«Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարևոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաև Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։ Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա և տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարևորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց և հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», - ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման և մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում:

ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երևանի, Արցախի և մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին ևս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների,  լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափերի համար»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Խելացի լուծումների կենտրոնն ստեղծվեց Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ և չնայած 2020 թվականին առաջացած դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ՝ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության ու մասնավոր հատվածի միջև հուսալի կամուրջ ապահովելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականի ընթացքում Խելացի լուծումների կենտրոնը հանդես կգա նոր ձեռքբերումներով ու կընդլայնի իր կրթական կարևոր դերակատարությունը մեր երկրում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խելացի լուծումների կենտրոնը» կարևոր հարթակ է՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և նոր ստարտափեր ձևավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմակերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ և տեխնոլոգիական միջոցառումներ:

Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետևյալ ուղղվածությունը՝

  • Կիբերանվտանգություն
  • Միկրոէլեկտրոնիկա
  • ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
  • Արհեստական բանականություն
  • Իրերի համացանց
  • Ձեռներեցություն

Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել